Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հանդիսավոր պոեմով» մեկնարկեց երաժշտական տոնը՝Խաչատրյանի անվան փառատոնը

«Հանդիսավոր պոեմով» մեկնարկեց երաժշտական տոնը՝Խաչատրյանի անվան փառատոնը
05.10.2015 | 15:06

Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչում էր խաչատրյանական երաժշտություն՝ «Հանդիսավոր պոեմ», Սիմֆոնիա թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»:

Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի աջակցությամբ։ Փառատոնը հովանավորել են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ» ընկերությունը, «Ջերմուկ գրուպը» և «Անի պլազան»։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ բազմաթիվ հայտնի երաժիշտներ կհյուրընկալվեն Երևանում՝ մասնակցելու հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնին. «Խաչատրյանի անունն օգնում է մեզ, որպեսզի աշխարհում հպարտորեն ասենք, որ մենք ունենք արվեստ, ունենք հերոսներ, ովքեր մշակույթ են փոխել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Արամ Խաչատրյանը համամարդկային արժեք է: Նվագախմբի համար մեծ ձեռքբերում է այն, որ մենք առաջինն էինք, որ ցանկություն հայտնեցինք Հայաստանում անցկացնել Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն»: Մաեստրո Սմբատյանն ընդգծեց նաև, որ Երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում ներգրավել է հայաստանյան այլ կոլեկտիվների նույնպես։ Մասնավորապես հանդես կգան «Արս լունգա» դուետը, Արամ Խաչատրյանի անվան տրիոն, «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը և այլն: Կներկայացվեն «Գայանե» և «Սպարտակ» բալետները։

«Կյանքիս մեծագույն սերը, Հայրենիք» խորագրով անցկացվող փառատոնը (ի դեպ, սրանք Խաչատրյանի խոսքերն են) ունկնդրին է առաջարկում հետաքրքիր, հագեցած երաժշտական երկու ամիսներ՝ հստակ ձևաչափով. ամեն չորեքշաբթի՝ կամերային, իսկ ամեն շաբաթ օր՝ սիմֆոնիկ համերգներ։

Կհնչեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ, Երևանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների՝ ջութակահարներ Չադ Հուփս (ԱՄՆ), Ալեքսանդրա Սոում (Ֆրանսիա), Զոհրաբ Թադևոսյան (Իսպանիա), դաշնակահարներ Ալեքսանդր Ռոմանովսկի (Իտալիա/Ուկրաինա), Աննա Վինիցկայա (Ռուսաստան), թավջութակահարներ Սուրեն Բագրատունի (ԱՄՆ), Միքայել Հախնազարյան (Հայաստան), հանրահայտ շեփորահար Սերգեյ Նակարյակով (Իսրայել/Ռուսաստան), դիրիժորներ Ջանլուկա Մարչիանո (Իտալիա), Վահագն Պապյան (Իսրայել) և Միրան Վոպոտիչ (Խորվաթիա):

Խաչատրյանի անվան փառատոնը ներառում է երկու համերգային ծրագիր դպրոցականների համար. Չայկովսկու անվան դպրոցի աշակերտներն իրենց հասակակիցների համար կհնչեցնեն հատվածներ Ա. Խաչատրյանի Մանկական ալբոմներից:

Եվ ամենասպասված նախագիծը, որ արդեն իսկ մեծ արձագանք է գտել հանրության շրջանում. փառատոնի փակմանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի նորարարական մի ծրագիր. առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն ջազային մշակմամբ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հնարավորություն է տալիս այս ամենին հետևել աշխարհի ցանկացած ծայրից՝ առցանց SYOA TV-ի միջոցով։

Փառատոնի մասին տեղեկություններ կարող եք գտնել khachaturianfestival.com կայքում, իսկ բացման համերգը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ